Եվրոպայի խորհրդի և Եվրոպական միության մասին

Եվրոպայի խորհուրդը և Եվրոպական միությունը (ԵՄ) առանձին կազմակերպություններ են, որոնք ունեն տարբեր, սակայն փոխլրացնող դերեր։

  • Եվրոպայի խորհուրդն աշխատում է իր 47 անդամ պետությունների հետ համատեղ՝ ամրապնդելու մարդու իրավունքները և ժողովրդավարությունը մայրցամաքում և դրա սահմաններից դուրս։
  • ԵՄ-ն համախմբում է իր 28 անդամ երկրներին թե՛ տնտեսական, և թե՛քաղաքական առումով՝ ներդաշնակեցնելով օրենսդրությունն ու գործելակերպերը քաղաքական որոշակի ոլորտներում։
  • ԵՄ-ն ստեղծել է Արևելյան գործընկերությունը՝ իր արևելյան գործընկերների՝  Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի Հանրապետության և Ուկրաինայի հետ ավելի սերտ համագործակցելու նպատակով։
  • Այս երկու կազմակերպությունները միասին սերտորեն աշխատում են այն ոլորտներում, որտեղ ունեն ընդհանուր շահեր՝ մասնավորապես խթանելով մարդու իրավունքները և ժողովրդավարությունը Եվրոպայում ու հարակից տարածաշրջաններում։
  •  Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի միջև համագործակցությունը հնարավորություն է ընձեռում այս կազմակերպություններից յուրաքանչյուրին օգտվել մյուսի առանձնահատուկ ուժեղ կողմերից՝ այդպիսով աջակցելով միմյանց աշխատանքին։

Ծրագրային համագործակցության կառուցակարգի (ԾՀԿ) մասին

 

Ինչպե՞ս է աշխատաում ԾՀԿ-ն

ԵՄ Արևելյան գործընկերությունը 2009թվական մայիսին Պրահայում տեղի ունեցած գագաթնաժողովին մեկնարկած քաղաքականության նախաձեռնություն է, այն ներկայացնում է ԵՄ Եվրոպական հարևանության քաղաքականության (ԵՀՔ) արևելյան ուղղվածությունը: Այն հենվում է ազատության, ժողովրդավարության, մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի և իրավունքի գերակայության ընդհանուր արժեքների վրա: 2014-2020 թվականների միջև ընկած ժամանակահատվածում Եվրոպական հարևանության գործիքը (ԵՀԳ) ԵՄ առանցքային  ֆինանսական գործիքն է հանդիսանում` Արևելյան գործընկերության երկրների հետ համագործակցության հարցում:

2014թ. ապրիլին Եվրոպական միությունը (ԵՄ) և Եվրոպայի խորհուրդը (ԵԽ) Մտադրությունների մասին հռչակագրով համաձայնել են, որ թիրախային համագործակցության միջոցառումները ԵՄ Գործընկերության երկրների հետ կիրականացվեն «Ծրագրային համագործակցության կառուցակարգի» (ԾՀԿ) շրջանակներում։

ԾՀԿ-ն իրականացվելու է երկու փուլով` 2015-2017թթ. և 2018-2020թթ. Միջանկյալ գնահատումը տեղի կունենա 2017թ., իսկ եզրափակիչ գնահատումը՝ 2020թ.։ Իրականացման առաջին փուլի (2015-2017թթ.) բյուջեն 33.8 միլիոն եվրո է: ԾՀԿ-ն 90%-ով ֆինանսավորվում է ԵՄ-ի և 10%-ով` Եվրոպայի խորհրդի կողմից Այն իրականացնում է Եվրոպայի խորհուրդը։

 ԾՀԿ-ի թե՛ երկրին ներհատուկ, և թե՛տարածքային գործողությունները մշակվել են ազգային շահառուների հետ սերտ համագործակցությամբ՝ Եվրոպայի խորհրդի՝ երկրին ներհատուկ Գործողությունների ծրագրերի և Եվրոպական միության երկրին ներհատուկ Տարեկան գործողությունների ծրագրի (ՏԳԾ), ինչպես նաև Ասոցացման համաձայնագրերի շրջանակում, եթե ստորագրել են:

Եվրոպայի խորհրդի գործողությունների ծրագրերը նախապատրաստվում են Եվրոպայի խորհրդի դիտարկման մարմինների եզրակացությունների և առաջարկությունների հիման վրա և համապատասխանում են ներպետական բարեփոխումների օրակարգերին։

 

Եվրոպայի խորհրդի դիտարկման մարմինները

 Եվրոպայի խորհրդի դիտարկման մարմինները կազմված են անկախ փորձագետներից, ովքեր մշտադիտարկում են Եվրոպայի խորհրդի կոնվենցիաների իրականացումը անդամ պետությունների կողմից և հանձնարարականներ են մշակում։  Դիտարկման այս մարմինների թվում են՝ Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խումբը (ԳՐԵԿՈ/ GRECO), Արդարադատության արդյունավետության եվրոպական հանձնաժողովը (ԱԱԵՀ/CEPEJ), Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեն (ԽԿԿ/CPT), Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խումբը (ԳՐԵՏԱ/ GRETA), Փողերի լվացման դեմ միջոցների գնահատման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի գծով փորձագետների կոմիտեն (ՄՈՆԻՎԱԼ/MONEYVAL), Ազգային փոքրամասնությունների պաշտպանության մասին շրջանակային կոնվենցիայի (ԱՓՇԿ/ FCNM) հարցրեով Խորհրդատվական հանձնաժողովը, Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովը (ՌԱԵՀ/ ECRI), Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին կոնվենցիան (ԳՐԵՎԻՈ/ GREVIO), այդ թվում նաև`Մարդու իրավունքների եվրոպական դատարանը։

 

Ինչո՞վ է զբաղվելու ԾՀԿ-ն

Այս համագործակցային աշխատանքների միջոցով լայնածավալ և զգալի փորձագիտություն կտրամադրվի Արևելյան գործընկերության երկրների  ինստիտուտների կարողությունները ամրապնդելու ուղղությամբ` իրականացնելու ներպետական բարեփոխումներ և մերձեցնելով դրանք Եվրոպայի խորհրդի և Եվրոպական միության չափանիշներին մարդու իրավունքների, ժողովրդավարության և իրավական պետության ոլորտներում : Դա իրագործվելու է բազմապիսի միջոցառումներով՝ համաժողովներ, աշխատանքային խմբեր, ցանցային համագործակցություն, վերլուծական զեկույցներ և վերապատրաստման դասընթացներ` Եվրոպայի խորհրդի անձնակազմի և միջազգային փորձագետների գլխավորությամբ։

Ներգրավված դերակատարները ներպետական շահառուներ են, որոնք որոշիչ դեր են խաղում բարեփոխումների իրականացման ոլորտում՝ խորհրդարաններ, կառավարության մարմիններ բոլոր մակարդակներում (արդարադատության, ֆինանսների, ներքին գործերի, առողջապահության, կրթության, աշխատանքի և սոցիալական պաշտպանության և հանրային կառավարման համար պատասխանատու նախարարություններ), պետական հաստատություններ համապատասխան ոլորտներում, ինչպիսիք են՝ կոռուպցիայի և փողերի լվացման դեմ պայքարը, դատախազները, իրավակիրառ մարմինները, քրեակատարողական հաստատությունները , կենտրոնական և տեղական ընտրական հանձնաժողովները, օմբուդսմենները, դատաիրավական համայնքը, դատական իշխանության ինքնակառավարման մարմինները, իրավաբանները, լրատվամիջոցները, տեղական և տարածքային իշխանությունները, ոչ կառավարական կազմակերպությունները, կրթական հաստատությունները, ինչպես նաև լայն հանրությունը։

 

 

Ո՞վ է համակարգում ԾՀԿ-ն

Եվրոպայի խորհրդի, Եվրոպական միության, Եվրոպայի խորհրդի գրասենյակների, Եվրոպական միության պատվիրակությունների և ԾՀԿ ազգային համակարգողների միջև կստեղծվի մշտական համակարգման մեխանիզմ՝ Եվրոպայի խորհրդի, Եվրոպական միության, ազգային շահառուների և գործընկերների, ինչպես նաև միջազգային այլ կազմակերպությունների միջև լիարժեք և համապարփակ համակարգում երաշխավորելու նպատակով։

Այն կապահովի Արևելյան գործընկերության երկրներում առկա և նախատեսվող՝ երկրին ներհատուկ և տարածաշրջանային այլ գործողությունների միջև փոխադարձ կապը, ինչպես նաև կերաշխավորի շոշափելի արդյունքներ և ԾՀԿ-ի ազդեցությունը վերջնական շահառուների և հանրության համար։

 

Արդյո՞ք արդյունքները կայուն են

Բարեփոխման գործընթացի հանդեպ ազգային շահառուների սեփականատիրական մոտեցումը կարևոր կլինի ԾՀԿ-ի արդյունքակենտրոն իրականացման և կայունության համար։ ԾՀԿ գործողությունները բևեռվում են ներպետական իրավական շրջանակների, ներպետական ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման և բարելավման, ինչպես նաև գործընկերների և ազգային շահառուների մասնագիտական հմտությունների խթանման վրա։ Կայունությունը ձեռք կբերվի ինստիտուցիոնալ կարողությունների հզորացման և ազգային անձնակազմի վերապատրաստման միջոցով։

ԾՀԿ-ն կնպաստի ազգային դերակատարների գիտելիքների և կարողությունների կերտմանը, որպեսզի նրանք կարողանան խթանել նպատակների իրականացումն իրենց գործընկերների շրջանում երկրի և տարածաշրջանի ներսում, ինչպես նաև ԾՀԿ-ի իրականացման փուլի ավարտից հետո։